пятница, 30 мая 2014 г.

Արշակ Բ և Պապ թագավոր

Արշակ Բ



350 թ–ին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ Բ–ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված,Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին: Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր, առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից։
Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար։«...և եղև խաղաղութին մեծ ի ժամանակին յայնմիկ. ժողովեցան ամենայն թագուցեալքն, փախուցեալք և կորուցեալք երկիրն հայոց...»,-գրում է Փավստես Բուզանդը։ Հայ-բյուզանդական դաշինքն ամրապնդելու նպատակով Արշակ Բ-ն Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ 353 թ. հատուկ պատմագավորություն է ուղարկում Բյուզանդիա։ Կոստանդիոս կայսրը լավ ընդունելություն է ցույց տալիս այդ պատմագավորությանը. նա թույլ է տալիս Բյուզանդիայում գտնված փախստականներին վերադառնալ հայրենիք, պանդխտությունից ազատում է Արշակի եղբոր որդիներ Տիրիթին ու Գնելին։ Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ֆեոդալական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին։ Նա պաշտոնի է կանչում Տայքի և Սպերի Մամիկոնյաններին, որոնք իր դայակներն էին եղել. Վասակ Մամիկոնյանիննշանակում է զորքի սպարապետ, իսկ նրա ավագ եղբորը՝ Վարդանին, նահապետ։ Գնունյաց նախարարական տանն է հանձնում հազարապետությունը։ Արքունիքի մյուս կարևոր պաշտոններում ևս նշանակում է աչքի ընկնող նախարարների։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին:
Արշակը կազմակերպում և ուժեղացնում է բանակը՝ համալրելով այն թարմ ուժերով։ Նա ուշադրություն է դարձնում հատկապես ծանր զրահավոր հեծելազորի վրա, որը հայկական բանակի մարտական ուժեղագույն զորամասերից մեկն էր։
Արշակը մեծ ուշադրություն է դարձնում կաթողիկոսի ընտրության վրա՝ ցանկանալով եկեղեցական ղեկավար պաշտոնում ունենալ իրեն վստահելի մեկին. նա այդ պաշտոնին հրավիրում է իր սենեկապետին՝ Ներսեսին։
350–ական թթ. և՛ Հռոմը, և՛ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ ՆախարարներըՊարսկաստանի օգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Արշակի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։Արշակի գահակալության տարիներին տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձություններից էր Արշակավանի կործանումը, որի մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հայկական աղբյուրներում։ Արշակ թագավորը Մասիս լեռան հարավային լանջին՝ Կոգովիտ գավառի հովտում, ցանկանում է քաղաք կառուցել։ Այդ քաղաքի կառուցումը Արշակի համար օգտակար էր երկու տեսակետից. իր հիմնած քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն և ապա՝ հարևան նախարարություններից այնտեղ կհավաքեր մեծ թվով բնակիչներ։ Իհարկե Արշակի համար դժվար էր, միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար։ Դժվար չէ պատկերացնել, որ Արշակավան փախչող տասնյակ հազարավոր բնակչության մեջ եղել են գողեր, մարդասպաններ և այլ տեսակի հանցագործներ, սակայն նրանց մեծ մասը եղել են անազատ գյուղացիներ, որոնք փորձել են ազատվել իրենց տերերի ծանր շահագործումից։ Գյուղական բնակչության մասսայական այս փախուստը բնական է, որ չէր կարող չառաջացնել նախարաների և եկեղեցականների զայրույթը։ Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի «անմիտ գործ» է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը։ Սակայն Արշակը կտրականպես մերժում է նրան։ Դրանից հետո հայ դժգոհ նախարարները, Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի։ Օգտվելով Արշակ թագավորի բացակայությունից նրանք հարձակվում և սրի են մատնում Արշակավանի անզեն բնակչությանը։ Արշակավանի կոտորված բնակչության թիվը շատ մեծ է եղել մոտ 30-40 հազար։ Արշակավանի կոտորածը դասակարգային պայքարի արյունոտ էջերից է։ Արշակավանի տեղում, որն այժմ կոչվում է Խարաբաբազար, մինչ այժմ կարելի է տեսնել քաղաքի հին ավերակները, որոնք անխոս վկաներն են հայ ժողովրդի աշխատավորության նկատմամբ նախարարների կատարած գազանային ոճրագործության։


Պապ

 (մոտ 353-374)

Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։
17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային՝ Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ՝ 90.000-անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավանէր կառուցում՝ Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը։
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը՝ Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային՝ նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի։ Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել

Комментариев нет:

Отправить комментарий